Հավաքածու / Շտեմարան



Սարյան Մարտիրոս Սերգեյի

(1880 - 1972)

Համաշխարհային ճանաչման արժանացած մեր ժամանակների խոշորագույն նկարիչներից մեկն է Մարտիրոս Սարյանը: Նկարիչը համարվում է հայ կերպարվեստւմ նորագույն շրջանի ազգային նկարչական դպրոցի հիմնադիրը: Նկարչի տաղանդը հավասարապես դրսևորվել է գեղանկարչության, գրաֆիկայի ասպարեզներում, նա կատարել է բեմաձևավորումներ ու գրքերի նկարազարդումներ:
Սարյանը ծնվել է 1880 թ. Փետրվարի 29-ին Դոնի Ռոստովի մերձակա հայկական Նոր Նախիջևան քաղաքում, ուր Անիից գաղթել էին նրա նախնիները:Սկզբնական շրջանում սովորել է Նոր Նախիջևանի քաղաքային դպրոցում, որտեղ նրա նկարչության առաջին ուսուցիչն է եղել Հմայակ Արծաթպանյանը: Այնուհետև մեկնել է Մոսկվա, սովորել Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (դասատուներ` Վ.Սերով, Կ. Կորովին, Ի. Լևիտան), որն ավարտել է 1903-ին: Այդ ժամանակներից մասնակցել է ռուս նկարիչների <<Գոլուբայա ռոզա>>, և <<Միր իսկուսվտա>> միությունների ցուցահանդեսին: 1901թ-ին ուսանելու տարիներին,նկարիչն առաջին անգամ այցելում է նախնիների երկիրը` շրջագայել Լոռիում, Շիրակում, Անիում, Էջմիածնում: Եվ տեսածի և ապրածի տպավորությունները կարևոր նշանակություն են եւնեցել Սարյանի բնապաշտական արվեստի ձևավորման համար: 1910-1914 թվականների ընթացքում նկարիչը ճամփորդել է Արևելքի մի շարք երկրներում (Կ.Պոլիս, Եգիպտոս, Իրան),տպավորություններից ծնված նոր թեմաներով հարստացնում է նրա արվեստը:
Սարյանը աչքի է ընկել իր հասարակական գործունեությամբ: Նա ակտիվ մասնակցություն է ցուցաբերել 1916-ին Թիֆլիսում Հայ նկարիչների միության հիմնադրմանը: Ռոստովում հիմնադրել է հայկական թանգարան: 1921-ին Սարյանը առաջիններից մեկն էր ,որ վերադարձավ հայրենիք և մինչև կյանքի վերջը անմացորդ նվիրվեց երկրի մշակութային կյանքի կառուցմանը: 1921-1935 թթ.նա եղել է Հայաստանի նորաստեղծ պետական թանգարանի գեղարվեստական բաժնի առաջին վարիչը:
1967թ. Երևանում բացվել է Մարտիրոս Սարյանի թանգարանը: Սարյանի արվեստը յուրահատուկ ձոներգ է հայրենի երկրին և կյանքին: Նա կտավի ներսից ճառագող արևաշող գույներով է կերտում բիբլիական հայրենիքի հավաքական կերպարը, շեշտում բնության և կյանքի հավերժության գաղափարը` օգտագործելով առանց կիսատոների անխառը գունաշար` բնանկարին հաղորդելով մոմումենտալ հնչողություն: Հռչակավոր գործերից են` <<Լեռներ, Հայաստան>>, 1923, <<Կեսօրյա անդորր>>, 1924, <<Իմ բակը>>, 1923, <<Գեղամա լեռներ>>, 1926, <<Արագած>>, 1925, <<Գարնանային օր>>,1929, <<Քարինջ գյուղը Թումանյանի լեռներում>>, 1952, և այլն: Օդի, լույսի, գույնի կախարդիչ ներդաշնակությամբ կերտած Հայաստանի հավաքական կերպարը հոգեհարազատ է մեզ և մյուս կողմից, օտարները Սարյանի նկարներով ճանաչեցին մեր երկրի ինքնատիպ գեղեցկությունը:
Սարյանը մեր ժամանակների խոշորագույն դիմանկարիչներից է: Նրա ստեղծած դիմանկարների միջոցով կարող ենք ծանոթանալ հայ ժողովրդի մի ամբողջ դարաշրջանի հերոսական պատմությունը կերտող անհատների հետ: Դիմելով գեղարվեստական տարբեր արտահայտչամիջոցների` նա ստեղծում է հոգեբանական խորությամբ, յուրաքանչյուրի կերպարին բնորոշ հոգեկան կերտվածքի շեշտադրումով աշխատանքներ: Լավագույն գործերից են Թ. Թորամանյանի, Ալ. Թամանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Ա. Մանթաշյանի, Մարշալ Բաղրամյանի, Գ. Լևոնյանի, Ալ. Ծատուրյանի դիմանկարները: Սարյանը դիմանկարի ժանրը հարստացրեց նաև հորինվածքային նոր ձևերով` ստեղծելով խմբակային դիմանկարներ, որոնցից են <<Լուսիկը երեխաների հետ>>, <<Իմ ընտանիք>>, <<Երեք հասակ>>:
Նկարչի արվեստում կարևոր տեղ են գրավում նատյուրմորտները: Ամբողջ կյանքի ընթացքում Սարյանը նկարել է հայրենի բնաշխարհի ծաղիկներն ու մրգերը, որոնք բնության հետ նկարչի հատուկ զրույցի անմիջական արտահայտություններն են (<<Քալակիի ծաղիկները>>, <<Աշնանային ծաղիմները և պտուղներ>>, 1939, <<Բուժականի ծաղիկները>>, 1946, <<Հոկտեմբերը Երևանում>>, 1961): Հայ արվեստում Սարյանն է ստեղծել իր չափերով ամենամեծ նատյուրմորտը` <<Ծաղիկներ հայրենական պատերազմում զոհված մարտիկներին>>, 1945, որն արտահայտում է ժողովրդի միասնությունը, մահը, հաղթելու նրա անսահման հավատը: Հայոց աշխարհի բերքն ու բարիքը, դաշտային գունագեղ ծաղիկները լրացնում ու ամբողջացնում են հայրենի երկրի կերպարը պատկերման պարզ ու ընդհանրացված ձևերով, ազատ ու համարձակ կոմպոզիցիոն կառուցվածքով, եռանդուն ու խոշոր վրձնահարվածներով,պայծառ ու վառ գույների շեշտադրումով ու դեկորատիվությամբ: Սարյանը նատյուրմորտի ժանրը հարստացրել է նոր բովանդակությամբ ու արտահայտչամիջոցներով, ինչը հիմնարար նշանակություն է ունեցել մի ամբողջ սերնդի նկարիչների համար:
Սարյանի արվեստը գնահատվել է նրա կենդանության օրոք` արժանանալով պետական բարձր պարգևների, կոչումների ու մրցանակների ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:Նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսների թիվն անցում է հարյուրից, աշխատանքները գտնվում են աշխարհի հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավքածուներում: Մահացել է 1972թ. Երևանում: