Հավաքածու / Շտեմարան



Կոնտուրաջյան Պետրոս Ներսեսի

(1905 - 1956)

(1905,Եդեսիա (Թուրքիա)-1956, Երևան)
Գեղանկարիչ Պետրոս Կոնտուրաջյանը ծնունդով Արևմտյան Հայաստանի Եդեսիա (Ուրֆա) քաղաքից էր: Հայրը` կոշկակար Ներսեսը, զոհվել է Ուրֆայի հերոսամարտի ժամանակ: Հետագայում, կորցնելով մորն ու քրոջը, Պետրոսը կրտսեր եղբոր` Արշակի հետ հայտնվում է Հալեպի ազգային որբանոցում, տեղի Հայկազյան վարժարանում սովորում նկարչություն: 1923 թ. եղբայրները տեղափոխվում են Փարիզ, որտեղ էլ Մոնպառնասի արվեստանոցներում, Գեղարվեստի ակադեմիայում երիտասարդ Կոնտուրաջյանը ստանում է նկարչական կրթություն, հետագայում կատարելագործվում է Ֆեռնան Լեժեի արվեստանոցում: Նա երկու տարի հաճախում է նաև Սորբոնի համալսարան` հետևում փիլիսոփայության և հնագիտության դասընթացներին: Փարիզում սովորելու տարիներին զուգահեռաբար աշխատում է գործարանում, զբաղվում լուսանկարչությամբ: 1930 թ. պարբերաբար մասնակցում է Փարիզի <<Աշնանային սալոնին>>, ընտրվում այդ ընկերության և նրա ժյուրիի անդամ, ինչպես նաև իր ակտիվ մասնակցությունն է բերոմ <<Անկախների>>, <<Հայ ազատ արվեստագետների միության>> ցուցահանդեսներին, արժանանում քննադատների բարձր գնահատականին: 1945 թ. Պիկասսոյի, Ռուոյի, Մատիսի, Գրոմերի հետ Պ. Կոնտուրաջյանը մասնակցում է <<Ժամանակակից մեծ նկարիչները ի նպաստ պատերազմի գերիներին>> ցուցահանդեսին, որը մեծ հաջողություն է ունենում: 1947 թ. Պ. Կոնտուրաջյանը մի շարք հայտնի սփյուռքահայ արվեստագետների հետ հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան: Հայրենիքում առաջին տարիներին աշխատում է Գյումրիի Մռավյանի անվան թատրոնում որպես թատերական նկարիչ, զբաղվում մանկավարժությամբ, հետագայում տեղափոխվում է Երևան:
Ժամանակի սոցիալական, քաղաքական ճնշումներն ու դառնությունները իրենց կնիքը թողեցին արվեստագետի հոգեվիճակի վրա, 1956 թ. նկարիչն անձնասպան է լինում: