Հավաքածու / Շտեմարան



Ախիկյան Վրթանես Գալուստի

(1872 - 1936)

Գեղանկարիչ և գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935 ) Վրթանես Ախիկյանը (1872 Վան- 1936, Երևան) այն սերնդի ներկայացուցիչն է, որն ապրեց մեծ եղեռնի ու տեղահանության ողբերգությունը, և որին բաժին ընկած զրկանքներն ու փորձությունները դարձրին ավելի տոկուն ու նպատակասլաց:
Վ. Ախիկյանը հանրակրթական ուսումը ստացել է Վանի նշանավոր Կենտրոնական վարժարանում, 1890-ին սովորել է Կոստանդնապոլսի գեղարվեստի վարժարանում, սակայն նյութական կարիքների պատճառով ստիպված կիսատ է թողել ուսումը: Երեք տարի զբաղվել է ուսուցչությամբ, ապա ուսումը շարունակելու նպատկով մեկնել է Կովկաս, մեծ դժվարություններով հասել է Էջմիածին: Ճակատագրական նշանակություն է ունեցել հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հետ: Վեհափառ հայրապետը, գնհատելով երիտասարդի օժտվածությունը և սովորելու փափագը, օգնում է նրան Պետերբուրգ մեկնելու: Ախիկյանը Պետերբուրգում մնացել է 15 տարի: 1896- 1900 թթ. սովորել է մասնավոր ստուդիայում և Գեղարվեստը խրախուսող նկարչական դպրոցում, ապա` մինչև 1911 թ. եղել է ազատ ունկնդիր Գեղարվեստի ակադեմիայում (դասատուներ ` Կ.Կավալեսկի, Ֆ. Ռուբո, Ն. Սամոկշին, Ի. Ռեպին) : Այդ տարիներին մի քանի անգամ գնացել է Թիֆլիս, ծանոթացել Լիսիցյանների, Փ. Թերլեմեզյանի, Հ. Թումանյանի հետ, ինչը սկիզբ է դրել նրանաց երկարամյա համագործակցությանը: 1912–ին վերադառնում է Վան , ստեղծագործելուն զուգահեռ նկարչություն դասավանդում դպրոցներում: Խաղաղ աշխատանքը ընդհատվում է 1915-ին: Նա մեծ դժվարություններով հասնում է Թիֆլիս, ուր ապրում է մինչև 1912թ., այնուհետև տեղափոխվում է Երևան:Վ. Ախիկյանը մասնակցել է Հայ Արվեստագետների միության ցուցահանդեսներին, դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում (1915- 1918) և Երևանի Գեղարդ տեխնիկումում (1921-1928), աշխատել է Հայաստանի նորաստեղծ Պետական թանգարանում (1921-1931):
Վ. Ախիկյանի համեստ ստեղծագործական ժառանգության հիմնական մասը բնանկարներ են, որոնց կյանքի վերջին տարիներին ավելացել են մի քանի դիմանկարներ ու նատյուրմորտներ: Նա հիմանկանում աշխատել է շարքերով. Ստեղծել է հայրենի Վան քաղաքի , հետագայում ` Վաղարշապատի, Երևանի, Ծաղկաձորի և շրջակայքի գողտրիկ, առաջին հայացքից պարզ ու սովորական անկյունների պատկերներ (<<Հռիփիմեի վանքը>> , <<Զանգվի գետափը>>, <<Արագած. Արտեր>>, 1927, <<Աշուն Երևանի այգիներում>>, 1928, << Արարատ լեռը անձրևից հետո>>, <<Ծաղկաձորի շրջակայքում>>, <<Ավան գյուղի շրջակայքը. Արագած>>, 1931-1932): 1920-ական թթ. բնապատկերներում երբեմն ավելանում են առօրյա գործով զբաղվող մարդկային ֆիգուրներ և ժանրային տեսարաններ, երբեմն նոր կյանքի շինարարությանը նվիրված դրվագներ (<< Ոչխարները Կապույտ աղբյուրի մոտ>> , << Կողով գործելը>>, << Աշխատանքը քարհանքում>>, << Երևանի ժողտան շինարարությունը>>):
Դրանք հիմնականում փոքր չափերի, էտյուդային բնույթի աշխատանքներ են, որոնք առանձնանոիմ են կոմպոզիցիոն հետաքրքիր կառուցվածքով, քնարական ներշնչանքովու հանդարտ, ինքնամփոփ տրամադրությամբ: Ախիկյանն իրեն հատուկ նրբությամբ վերարտադրում է տարբեր եղանակների ու օրվա բոլոր պահերի անկրկնելի գեղեցկությունը` կառուցված արագ ու թեթր վրձնահարվածներովու մաքուր, վառ գույների ներդաշնակությամբ:
Նկարչի վարպետությունն ու ճաշակը լավագույն դրևորում է գտել թանգարանի մշտական ցուցադրությունում ընդգրկված <<Դեղձեր>> 1925, նատյուրմորտում: Այն ուշագրավ է կոմպոզիցիոն դինամիկ կառուցվածքով, հյութեղ գույներով մրգերի իրական պատկերի ու չինական սպիտակ հախճապակյա սրվակի հետաքրքիր համադրությամբ:
Նկարիչը զբաղվել է նաև գրաֆիկայով:Նրա նկարազարդումներով են հրատարակավել Հովհ.Թումանյանի <<Մի կաթիլ մեղր>> և << Շուն ու կատու>> ստեղծագործությունները: Նա երկար տարիներ աշխատակցել է Թիֆլիսում և Երևանում հրատարակաված << Հասկեր>>, << Մաճկալ>> և << Հայաստանի աշխատավորուհի>> պարբերականներին: