Թանգարան / Նորություններ

22.09.2018 - 02.10.2018

«Հայ արվեստագետները եվրոպական միջավայրում» խորագրով միջոցառումներ

XIX դարավերջին և XX դարասկզբին Եվրոպայի գեղարվեստական փոթորկալից կյանքը կենտրոնացել էր մի շարք քաղաքներում` Փարիզում, Մյունխենում, Բեռլինում, Վիեննայում, Հռոմում, Վենետիկում: Այդ նշանավոր կենտրոնները ազատ ստեղծագործելու մթնոլորտով, թանգարաններով ու կրթօջախներով գրավել են շատ արվեստագետների: Գեղարվեստի ակադեմիաներն ու մասնավոր դպրոցները մեծ դեր են խաղացել այդտեղ ուսանած բազմաթիվ հայ նկարիչների գեղագիտական հայացքների ձևավորման գործում:
Արվեստների գլխավոր կենտրոն Փարիզում են սովորել նկարիչներ Փանոս Թերլեմեզյանը, Ստեփան Աղաջանյանը, Միքայել Արուտչյանը, ինչպես նաև տարբեր գաղթօջախներում ծնված հայ արվեստագետներ: Գերմանական մոդեռնի բնօրրան Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում կրթություն են ստացել Վարդգես Սուրենյանցը, Հմայակ Հակոբյանը, Հակոբ Կոջոյանը, Սերգեյ Մերկուրովը և այլք: Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում են ուսանել և Իտալիայում ցուցահանդեսներ կազմակերպել Ժիրայր Օրագյանը, Արշակ Ֆեթվաճյանը:
Այս ցուցադրությունն ընդգրկում է աշխատանքներ, որոնք ստեղծվել են Եվրոպայում հայ արվեստագետների ուսումնառության և շրջագայությունների տարիներին: Իրենց թեմատիկայով և արտահայտչամիջոցներով դրանք առնչվում են ժամանակի եվրոպական հոսանքներին և ուղղություններին` ընդլայնելով հայկական կերպարվեստի սահմանները, այն հարստացնելով նոր սկզբունքներով: Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենան դասախոսություններ որոնք կներկայացնեն հետաքրքիր և ուշագրավ տեղեկություններ ինչպես առանձին հեղինակների, այնպես էլ եվրոպական գեղարվեստի տարբեր կրթօջախների մասին, որտեղ սովորել են հայ արվեստագետները: Դասախոսությունները կվարեն Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղանկարի բաժնի վարիչ Հայկուշ Սահակյանը, արտասահմանյան գեղանկարի բաժնի վարիչ Իրինա Բագդամյանը և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանը:

Մշտական
ցուցադրություն

Սևրի ճենապակու գործարան

Ափսե (1847)

ճենապակի, ոսկեզօծում, վերջնարակյա նկարազարդում, կաղապարում
տրմ.22 սմ