Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

21.04.2015 - 19.07.2015

Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը Պետական Տրետյակովյան պատկերասրահում

 Նկարիչ Գեորգի Յակուլովի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում նշանակալի իրադարձություն է արվեստասերների և իսկական բացահայտում` հանդիսատեսի նոր սերնդի համար: 1975 թ. Մոսկվայի Արևելքի ժողովրդների արվեստի թանգարանում վարպետի ստեղծագործությունների ցուցադրումից հետո սա առաջին միջազգային ցուցահանդեսն է: Այն նաև փուլային բնույթ է կրում և թույլ է տալիս նորովի, արդիականության տեսակետից իմաստավորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը: Կազմակերպիչները հանձն են առել ներկայացնելու Յակուլովի արվեստը ավանգարդիստական այն նկարիչների ցուցադրումերի շարքում, որոնք Տրետյակովյան պատկերասրահի փառքն են կազմում. բավական է հիշատակել Ա. Լենտուլովին, Մ. Լարիոնովին, Ն. Գոնչարովային, Վ. Տատլինին, Պ. Կոնչալովսկուն նվիրված նմանատիպ ցուցահանդեսները: Յակուլովը օրգանապես ներգրավված է այս վարպետների համաստեղության մեջ, քանի որ իր համագործակիցների հետ /շատերի հետ լինելով ինչպես ստեղծագործական, այնպես էլ ընկերական հարաբերությունների մեջ/ լուծում էր ժամանակաշրջանի թելադրած գեղարվեստական խնդիրները:
Ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ավելի քան 120 ստեղծագործություն Ա. Բախրուշինի անվան Պետական կենտրոնական թատերական թանգարանից, որտեղ պահվում է արվեստագետի աշխատանքների ամենապատկառելի հավաքածուն (մոտ 500 ստեղծագործություն), 53 գեղանկար և գծանկար Հայաստանի ազգային պատկերասրահից: Ցուցահանդեսին մասնակցել են Տրետյակովյան պատկերասրահը, Գրականության պետական թանգարանը, Բոլշոյ թատրոնի թանգարանը, մասնավոր հավաքածուատերեր: Այս ցուցահանդեսը ՀԱՊ-ի գիտաշխատողների երկարամյա հետազոտությունների արդյունք է. ավելի քան երեք տարի կատարվել է նկարչին վերաբերող նյութերի հավաքագրական աշխատանք, նրա ժառանգության ուսումնասիրում, ստեղծագործությունների թվագրումների ճշտում: Հրատարակվել են մի շարք գրքեր և ալբոմներ: Ցուցահանդեսի կազմակերպման հարցում մեծ է Տրետյակովյան պատկերասրահի աշխատողների` համադրողների, արվեստաբանների ներդրումը: Ավելի քան 300 էջ պարունակող ցուցահանդեսային կատալոգը ներառում է ուսումնասիրություններ Գեորգի Յակուլովի վերաբերյալ և հագեցած է պատկերային առատ նյութերով: Հոդվածների հեղինակների թվում են Ի. Վակառը, Տ. Միխեենկոն, Ի. Բագդմյանը, Ա. Կռուսանովը, Ա. Հարությունյանը, Լ. Բետրեդինովան: Յակուլովի ստեղծագործությունը նրանք դիտարկում են ժամանակի համատեքստում` այն դասելով ավանգարդիստական շարժման շարքերը, պարզաբանում են նրա կապերը ֆրանսիական արվեստագետներ Ռոբեր և Սոնյա Դելոնեի հետ, բացահայտում նկարչի դերը թատրոնի ոլորտում, ներկայացնում նրա ճարտարապետական նախագծերը: Հատուկ ուխադրության է առժանի նկարչի գեղարվեստական բազմակողմ հետաքրքրությունները լուսաբանող ցուցահանդեսի ձևավորումը, որն իրականացրել են Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի վարիչ Ն. Դիվովան և նկարիչ-ձևավորող Ա. Պոդկիդիշևան: Համեմատաբար փոքրածավալ, բայց ճիշտ ընտրված նյութի և ցուցադրման տարածության հմուտ օգտագործման շնորհիվ նրանց հաջողվել է ստեղծել ամբողջական տպավորություն, ինչպես նաև ապահովել յուրաքնչյուր ցուցանմուշի առանձին ընկալման հնարավորությունը: Նրանք ընդգծել են ամենակարևորը` Յակուլովը բացառիկորեն հնարամիտ արվեստագետ է, նրա պատկերները ամեն անգամ ապշեցրել են նորարարությամբ: Բացահայտելով նրա տաղանդի յուրահատկությունը, ցուցահանդեսի կազմակերպիչները կարողացել են հաղորդել այն զարմանահրաշ մթնոլորտը, որը ծնում են նկարչի պատկերները, շեշտել Յակուլովի արվեստին հատուկ նրբաճաշակության և արտիստիզմի այն չափը, որն առանձնացնում է այս ցուցադրությունը անհատական այլ ցուցահանդեսների շարքից:

 

http://cultobzor.ru/2015/04/georgiy-yakulov-gtg/

http://www.ng.ru/accent/2015-04-17/10_expo.html

http://www.arttube.ru/index.php/place/view/16248_2015-04-22-Moskva-Vistavka-Vistavka_Georgiya_Yakylova_%C2%ABMaster_raznocvetnih_solnc%C2%BB/

http://2queens.ru/Articles/Dom-Hudozhnikov-Klassika/Georgij-YAkulov--hudozhnik-epohi-avangarda-avtor-teorii-raznocvetnyh-solnc.aspx?ID=2603
 

 

 

 

 



Մշտական
ցուցադրություն

Կորովին Կոնստանտին Ալեքսեևիչ

Հետնաբակ (Մարագ)

կտավ, յուղաներկ
64,5x94,5 սմ