Թանգարան / Պատմություն

1935-1947 Կերպարվեստի պետական թանգարան

1924 թ. վերջին Ալ. Թամանյանի և Մ. Սարյանի հորդորով Լենինգրադից Երևան տեղափոխվեց արվեստաբան Ռուբեն Դրամբյանը, որը մինչ այդ աշխատում էր Պետական ռուսական թանգարանում: 1925-ին նա ստանձնեց գեղարվեստական բաժնի վարիչի պարտականությունները, իսկ 1935-ից, երբ զգալիորեն ընդլայնված բաժինը դարձավ ինքնուրույն Կերպարվեստի պետական թանգարան, նշանակվեց նրա առաջին տնօրենը (մինչ 1951 թ.): Ռ. Դրամբյանի մասնագիտական ինտուիցիան և հավաքչական շնորհը, թանգարանային աշխատանքի փորձը նախորոշեցին թանգարանի զարգացման հետագա ուղիները: Ֆոնդերի մտածված, համակարգված կոմպլեկտավորման շնորհիվ (գնումներ հանրապետական ցուցահանդեսներից, արվեստանոցներից, մասնավոր անձանցից, հատկացումներ Ռուսաստանի թանգարանային ֆոնդերից, Պետական Էրմիտաժից, Պետական ռուսական թանգարանից, ազգայնացված հավաքածուներից), ինչպես նաև շարունակվող նվիրաբերումների միջոցով Կերպարվեստի թանգարանը շատ սեղմ ժամանակահատվածում ձեռք բերեց Խորհրդային Միության լավագույն թանգարաններից մեկի համբավը: Հենց այդ տարիներին դրվեցին հետազոտական աշխատանքների հիմքերը:

Ռ. Դրամբյանի հրավերով Մոսկվայից եկած հին արվեստի խոշոր գիտակ, արվեստաբան Լ. Դուռնովոյի (1882-1963) ղեկավարությամբ թանգարանում սկսվեց միջնադարյան հայկական որմնանկարների և մանրանկարների գիտական ուսումնասիրումը և պատճենահանումը: Երիտասարդ նկարիչներից կազմված խումբը` Ե. Խաչատրյան, Մ. Չուբարյան, Ռ. Լորիս-Մելիքով, Վ. Բաղդասարյան, Գ. Խանաղյան, Հ. Ղարագյոզյան և ուրիշներ, սովորում էր պատճենահանողների և վերականգնողների բարդ մասնագիտությունները: Հայաստանի տարբեր շրջաններում կազմակերպվող արշավներում նրանք հայտնաբերում, հետազոտում, թվագրում և պատճենահանում էին հայկական մոնումենտալ գեղանկաչության հուշարձանները: Տարերքի քմահաճույքին մատնված կիսավեր եկեղեցիները զարդարող շատ որմնանկարներ այսօր արդեն գոյություն չունեն, իսկ դրանց ընդօրինակությունները բնագրի արժեք են ձեռք բերել: Շնորհիվ Լ. Դուռնովոյի և նրա գործընկերների թանգարանն այսօր իր այցելուներին ներկայացնում է Արուճի, Լմբատավանքի, Տաթևի և այլ եկեղեցիների որմնանկարները: Նշենք, որ ավելի ուշ հավաքածուն համալրվեց նոր ընդօրինակություններով, և 1985 թ. հնարավոր դարձավ պատկերասրահի նոր մասնաշենքի հատուկ սրահներում ցուցադրել դրանք, ինչպես և մանրանկարները ու եկեղեցիների բարձրաքանդակների պատճենները: Միջնադարի արվեստի ցուցադրումը ապահովում է հայ կերպարվեստի ժամանակագրական հաջորդականությունը` վաղ միջնադարից դեպի 17-18-րդ դարերի եկեղեցական գեղանկարչությունը, ապա` նոր և նորագույն շրջանների արվեստը:

1930-1950 թթ. թանգարանը շարունակում է համալրվել, բացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ուղեկցվում են համառոտ կատալոգներով և բուկլետներով, գործում է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական արվեստը ներկայացնող երեք բաժիններից բաղկացած մշտական ցուցադրությունը: Այս աշխատանքներն ապահովում են համապատասխան գիտական բաժինները:

Նշված տասնամյակներում թանգարան են մուտք գործում երեք խոշոր կոլեկցիոներների նվիրատվությունները: Ռումինահայ արվեստաբան Գ. Զամբախչյանը ընծայում է 19 հայտնի նկարիչներ Թ. Ռուսսոյի, Դիաս դե լա Պենյայի, Ա. Մոնտիչելլիի, Է. Բուդենի, Ա. Բենարի և այլ հեղինակների շատ արժեքավոր կտավներ, որոնք նոր որակ են հաղորդում ֆրանսիական գեղանկարչության հավաքածուին: Ռումինահայ մեկ այլ կոլեկցիոների` Վահան Բարաքյանի նվիրաբերած մեծաքանակ հավաքածուն կազմված էր ռումինացի հայտնի նկարիչների գեղանկարչական և գրաֆիկական գործերից, եվրոպական փորագրանկարներից, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական (Եվրոպա, Ռուսաստան, Արևելք) 150 իրերից:

1936-ին ականավոր հայ գրաֆիկ, Ֆրանսիայում լայն ճանաչում վայելող Էդգար Շահինը թանգարանում գտնվող իր աշխատանքների ցանկն ավելացնում է ևս 170 փորագրանկարներով, որոնք նա ուղարկել էր Փարիզից` Երևանում կազմակերպվող անհատական ցուցահանդեսի համար: 30 գեղանկարով և 9 գծանկարով հարստանում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների ֆոնդը` նկարչի կրքոտ երկրպագու Աբրահամ Ջինջյանի (Ֆրանսիա) նվիրատվությամբ: Ծովանկարչի անվան հետ է կապված թանգարանային կյանքի խոշոր իրադարձություններից մեկը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին թանգարանը շարունակում է աշխատել, և ավելին, պահպանելով իր հավաքածուների անվտանգությունը, ընդունում է Թեոդոսիայից էվակուացված Հ. Այվազովսկու անվան պատկերասրահի անգնահատելի ֆոնդերն ու արխիվը: 1941 թ. նոյեմբերի 8-ից այդ հավաքածուն պահվում է Կերպարվեստի թանգարանում: 1942 թ. մայիսի 2-ին` նկարչի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ, թանգարանի տնօրինությունը և Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպում են ցուցահանդես, որը բացվում է պարսկական մզկիթում, ուր այդ տարիներին տեղավորված էր միությունը: Ներկայացված էին Հ. Այվազովսկու 57 և արևմտաեվրոպական ծովանկարիչների 10 աշխատանքներ: Բացման արարողության մասնակիցներն էին Արվեստի գործերի վարչության պետ Ա. Շահինյանը, Մ. Սարյանը, ակադեմիկոս Հ. Օրբելին, թանգարանի և Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեններ Ռ. Դրամբյանը և Ն. Բարսամովը: 12 օրում ցուցահանդես է այցելում 45000 մարդ: 1944 թ. նոյեմբերի 5-ին Թեոդոսիայի պատկերսրահի հավաքածուները անկորուստ վերադարձվում են Ղրիմ:

Հասմիկ Հարությունյան, "Հայ արվեստ" մշակութային հանդես # 2(12) 2005, էջ 17-18 / հրատարակիչ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ: