Թանգարան / Պատմություն

1947-1991 Հայաստանի պետական պատկերասրահ

1947 թ. թանգարանը վերանվանվում և մինչ 1991 թ. կոչվում է Հայաստանի պետական պատկերասրահ: Մեկ տարի անց սկսվում է շենքի վերակառուցումը:
Հետզհետե ավելի է ընդլայնվում պատկերասրահի գործունեությունը: 1948 թ., օրինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի սեկտորի հետ հրատարակության են պատրաստվում «Հայկական մանրանկարչության հուշարձանները» և «19-20-րդ դարերի հայկական արվեստը» աշխատությունները:

1951 թ. ավարտվում է Ռ. Դրամբյանի՝ որպես տնօրենի 27-ամյա գործունեությունը պատկերասրահում, սակայն նրա կապը թանգարանի հետ շարունակվում է երկար տարիներ (նա գիտխորհրդի անդամ էր, անփոխարինելի խորհրդատու, իսկ 1982 թ. լույս է տեսնում նրա «Հայաստանի պետական պատկերասրահ» գիրքը): Ընդամենը մեկ տարի պատկերասրահի տնօրենն էր արվեստաբան Վարդան Հարությունյանը, իսկ 1952-1962 թթ.՝ արվեստաբան Ռուբեն Պարսամյանը:

Այդ շրջանում պատկերասրահի գործունեությունը զարգանում է արդեն ձևավորված ուղով` շարունակվում են հավաքածուների ուսումնասիրությունները և ընդլայնումը, կազմակերպվում են հայ հեղինակների անհատական ցուցահանդեսներ, բացվում է հուշաձեռագրային բաժինը, որի ղեկավար Դանիել Դզնունուն հանձնարարվում է հրապարակման նախապատարստել «Հայ կերպավեստագետների բառարանը» (լույս է տեսել 1977 թ.), արվեստասերներին է ներկայացվում «Հայաստանի պետական պատկերասրահ» ալբոմը` Ռ. Դրամբյանի առաջաբանով (1956): Ծրագրվում է նոր գիտական բաժինների ստեղծումը` համաձայն գոյություն ունեցող հավաքածուների: Պատկերասրահի գիտական կազմը համալրվում է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան ինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտներով, որոնց մուտքը թանգարան ապահովում է սերնդափոխությունը և պայմանավորում գիտական աշխատանքի հետագա, առավել մասնագիտական զարգացումը:
1946-ին Փարիզից Երևան է տեղափոխվում վաստակաշատ նկարիչ Պետրոս Կոնտուրաջյանը, որը թանգարանին նվիրում է իր ավելի քան 50 գեղանկարչական և շուրջ 600 գրաֆիկական գործերը: 1958-ին փարիզահայ մեր հայրենակից Հակոբ Առաքելյանը կազմակերպում և պատկերասրահին է փոխանցում հռչակավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ողջ ժառանգությունը` շուրջ 400 դիմաքանդակներ, հորինվածքներ, գրաֆիկական գործեր և արխիվային հարուստ նյութեր: 1959 թ. թանգարանը մեծ ցուցահանդեսով ներկայացնում է հեղինակի ստեղծագործությունը, որը լայն արձագանք է գտնում հասարակության և հատկապես երիտասարդ քանդակագործների շրջանում:

Ռ. Պարսամյանի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, 1962 թ. տնօրեն է նշանակվում գեղանկարիչ, թատերական նկարիչ Արմեն Չիլինգարյանը: Նրա տնօրինության տարիներին այլևայլ խնդիրների լուծմանը զուգընթաց ռուսական և արևմտաեվրոպական արվեստի բաժնի արվեստաբան Մերի Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվում է ֆոնդերի լուրջ համալրում: Մոսկվայում և Լենինգրադում նկարիչների արվեստանոցներից և հեղինակների ժառանգներից ձեռք են բերվում 20-րդ դարի հանրաճանաչ ռուս նկարիչներ Ռ. Ֆալկի, Պ. Ֆիլոնովի, Ի. Մաշկովի, Ա. Կարևի, Ն. Ալտմանի և այլոց բարձրարժեք կտավները: Մոսկվայի Կրեմլի թանգարաններից ստացվում են 17-18-րդ դարերի ռուսական սրբապատկերներ: 1965 թ. կազմակերպվում է Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսը, որի գործերը բերվում են Մոսկվայից, նկարչի այրու` Ա. Շչյոկին-Կրոտովոյի աջակցությամբ: Այս ցուցահանդեսը աննախադեպ երևույթ էր այդ տարիներին, քանի որ նկարիչը քաղաքական նկատառումներով շնորհազրկված էր: Երևանյան ցուցահանդեսից հետո Ռ. Ֆալկի արվեստը ներկայացվեց Նովոսիբիրսկում և միայն դրանից հետո` Մոսկվայում: Ցուցահանդեսից թանգարանը գնեց տասից ավելի աշխատանք, իսկ այրին նվիրեց ևս երեքը:
Մեկ տարի անց պատկերասրահի վարած ակտիվ բանակցությունների շնորհիվ երևանցիներին մատուցվեց նշանակալի մի ցուցահանդես ևս` Պաբլո Պիկասսոյի գրաֆիկան Իլյա Էրենբուրգի հավաքածուից:
1960-ականները բեղմնավոր էին պատկերասրահի ֆոնդերի համալրման առումով: Աղասի և Ազգանուշ Դարբինյանները Փարիզից նվիրաբերում են Տ. Փոլադի` Լաֆոնտենի առակների 70 նկարազարդում, Է. Շահինի 25 օֆորտ, կազմակերպում են Հ. Ալխազյանի ժառանգության` ավելի քան 100 աշխատանքի փոխադրումը պատկերասրահ: Իր ցուցահանդեսով Երևան ժամանած ամերիկացի հայտնի նկարիչ Ռոքուել Քենթը նվիրաբերում է 14 գեղանկարչական աշխատանք, ֆրանսահայ քանդակագործուհի Դարիա Կամսարականը ընծայում է մարմարե և բրոնզե երկու քանդակ: Ֆրանսահայ մշակութային միությունը կազմակերպում է արդի ֆրանսահայ նկարիչների ցուցահանդես և 63 գործ որպես նվիրատվություն ուղարկում Հայաստան: Նման ակցիա են իրականացնում լիբանանահայ արվեստագետները: Արժեքավոր է իտալահայ քանդակագործուհի Նվարդ Զարյանի նվերը, հեղինակի 23 աշխատանքներն իրենց արժանի տեղն են գտնում քանդակի հավաքածուում։
Անշուշտ, նվիրաբերումները շատ ավելի են, քան նշվածները, և եթե դրան գումարենք սովետահայ արվեստագետների գործերի ձեռքբերումը անհատական և հանրապետական ցուցահանդեսներից, փոխանցումները մշակույթի նախարարության ֆոնդերից, ապա հավաքչական այս գործընթացը առավել ամբողջական պատկեր կունենա։

Կարևոր իրադարձությունների թվին են պատկանում պատկերասրահի գիտական խորհրդի որոշումով 1963 թ. Մ. Սարյանի` Գ. Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վարագույրի վերականգնումը (Վ. Բաղդասարյան, Հ. Սիրավյան) և նրա տեղադրումը հատուկ դահլիճում, որն արժանացավ վարպետի դրվատանքին։
1967-1989 թթ. Պատկերասրահի տնօրենն էր ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը։ Նրա գործունեության առաջին տարիները համընկնում են 1965 թ. սկսված թանգարանի ցուցադրության նոր մասնաշենքի շինարարության հետ (ճարտարապետներ՝ Մ. Գրիգորյան, Ա. Ղազարյան)։
1977-ին թանգարանը վերաբացվում է նորովի ներկայացված իր հավաքածուներով։ Մի քանի տարի անց շահագործման է հանձնվում Նալբանդյան փողոցի մասնաշենքը, որի 4 հարկերում տեղակայվում են ֆոնդապահոցները, վերականգնման արվեստանոցը, գիտական բաժինները, հաշվառման և պահպանության բաժինը։ Բացվում են քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի գիտական բաժինները, մասնաճյուղերի բաժինը, որը կոորդինացնում էր հանրապետության տարբեր շրջաններում ստեղծվող մասնաճյուղերը՝ Էջմիածին, Հրազդան, Ջերմուկ, Մարտունի, Լենինական, Կիրովական, ցուցասրահները՝ Ալավերդի, Եղեգնաձոր, որոնք նպատակաուղղված էին մայրաքաղաքի մշակութային օջախներից հեռու ապրող մարդկանց հոգևոր պահանջների բավարարմանը։ Այստեղ են տեղափոխվում թանգարանի ֆոնդերից ընտրված հայ կերպարվեստագետների ստեղծագործությունները մշտական ցուցադրության համար, պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ, դահլիճները տրամադրվում են նաև տեղի նկարիչների ցուցահանդեսների համար։

1972 թ. Փարիզի «Գ. Յակուլովի բարեկամների ընկերության» նախագահ, նկարիչ Ռաֆայել Խերումյանը Հայաստանի կառավարությանն ուղղած նամակում պատրաստակամություն է հայտնում Հայաստանին հանձնել ընկերության տնօրինման տակ գտնվող մեծանուն նկարիչ Գեորգի Յակուլովի գեղանկարչական և գրաֆիկական գործերը։ Տեղափոխությունը հանձնարարվում է պատկերասրահին։ Նվիրաբերված աշխատանքները ոչ միայն հարստացնում են յակուլովյան ֆոնդը, դրանց նշանակությունը անգնահատելի է 20-րդ դարասկզբի հայ կերպարվեստի հավաքածուի համար։ Պատրաստվում և ներկայացվում է մեծ նկարչի հետահայաց ցուցահանդեսը, որին մասնակցում են Խորհրդային Միության տարբեր թանգարաններ։ Ցուցահանդեսը կազմակերպվում է նաև Մոսկվայում` Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում։

Այս տարիներին առավել սերտանում են կապերը Մոսկվայի և Լենինգրադի թանգարանների հետ գիտական և ցուցահանդեսային աշխատանքների ասպարեզում։ Էրմիտաժն իր ֆոնդերից կազմակերպում է ֆրանսիական իմպրեսիոնիստների կտավների հիշարժան ցուցահանդեսը։ Այս թանգարանների հետ տարբեր երկրներում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցում են պատկերարսահի Վ. Կանդինսկու և Մ. Շագալի կտավները։ Թանգարանի ներկայացուցիչները հրավիրվում են Թանգարանների միջազգային խորհրդի ամենամյա սիմպոզիումներին։

Է. Իսաբեկյանի տնօրինության տարիներին պատկերասրահն ապրում էր մի նոր վերելք, որը պայմանավորված էր թանգարանային կադրեր պատրաստելու գիտակցությամբ, արդեն գոյություն ունեցող հավաքածուները արդի հետազոտությունների լույսի ներքո մշակելու, ներկայացնելու, դրանք նպատակաուղղված ձևով ընդլայնելու և պատշաճ կերպով պահպանելու ձգտումով:

Մի քանի տասնամյակ գլխավոր ֆոնդապահի պաշտոնում աշխատած Եվգենյա Խաչատրյանին փոխարինեց նրանից փորձ, նվիրում, թանգարանային երկարակեցություն ժառանգած Ալիս Բաքրջյանը: Վերականգնման արվեստանոցի վարիչ, Լ. Դուռնովոյի սան, Հայաստանում բարձրագույն որակավորման արժանացած միակ վերականգնող-նկարիչ Վարդգես Բաղդասարյանի շուրջ միավորվում են երիտասարդ նկարիչներ, որոնց նա սովորեցնում է, փոխանցում իր մասնագիտական փորձը, և որոնք Լենինգրադի և Մոսկվայի թանգարաններում ու Ի. Գրաբարի անվան գիտա-ռեստավրացիոն ինստիտուտի վերապատրաստման կուրսերում ձեռք բերելով հմտություն, վարպետություն, ստանալով համապատասխան որակավորում՝ ստանձնում են թանգարանային առարկաները վերանորոգելու և կոնսերվացնելու պատասխանատու գործը:

Այս ժամանակներում է կատարվել պատկերասրահի գիտական խորհրդի կողմից հաստատված և մշտական ցուցադրությունում իր տեղը գտած Քոբայրի վանքի (12-13-րդ դդ.) որմնանկարի վավերագրական ընդօրինակությունը: Ավարտվում են Թեոդոսիա մեկնած արշավախմբի աշխատանքները` Ղրիմի Սուրբ Խաչ (1338) և Թեոդոսիայի Սուրբ Ստեփանոս (15-րդ դար) եկեղեցիների կենտրոնական ապսիդների ընդօրինակումները:
Էրմիտաժում և Ռուսական թանգարանում վերապատրաստվում են պատկերասրահի էքսկուրսավարները, մասնաճյուղերի վարիչները: Այստեղ, հատկապես Էրմիտաժ, գրեթե ամենամյա գործուղումների են մեկնում թանգարանի ռուսական և եվրոպական երկրների գեղանկարչությունը, գրաֆիկան, կիրառական արվեստն ուսումնասիրող գիտական աշխատակիցները, որոնք շփվելով ռուս անվանի արվեստաբանների հետ` մեծ աշխատանք են կատարում մեր հավաքածուի` առանձին դպրոցների և հեղինակների ստեղծագործությունների որոշարկման գործում:

Այս տարիներին կազմվում են ալբոմ-կատալոգներ` «Հակոբ Հովնաթանյան և նրա նախնիները», «Սարգիս Խաչատրյան», «Եղիշե Թադևոսյան», «Վանո Խոջաբեկյան», «Սեդրակ Ռաշմաճյան», «Սեդրակ Առաքելյան», «Էդգար Շահին» և այլն: Նոր թափ են առնում նվիրատվությունները, հիշեցնելով թանգարանի կազմավորման ժամանակաշրջանում՝ 1920-1930-ական թթ. սփյուռքի մեր հայրենակիցների ոգևորությունը:

Եվրոպական արվեստի բաժին մուտք է գործում Հունգարիայի հայ հասարակության ընծայած՝ հունգար նկարիչ Իգնաց Ռոշկովիչի «Գայզագո Շալամոնի դիմանկարը», որի հայազգի նախնիները Հունգարիա են տեղափոխվել 1672 թ. (Շալամոն Գայզագոն եղել է 19-րդ դ. հունգար ժողովրդի ազատագրման պայքարի կազմակերպիչներից մեկը, հայտնի էր որպես գրող և դրամատուրգ): Դիմանկարն այժմ մշտական ցուցադրությունում է:

Նկարիչ Ռաֆայել Խերումյանը (Փարիզ) նվիրում է անգլիացի վարպետ Մարկոս Հերարդսի «Տղամարդու դիմանկար» և իսպանացի մեծ վարպետ Ֆրանսիսկո Գոյային վերագրվող «Տղայի գլխանկար» գեղանկարչական գործերը: ԱՄՆ-ի Համասեբաստահայ վերաշինված միության կողմից ստացվում են 17-րդ դ. վերջի - 18-րդ դ. սկզբի վենետիկյան դպրոցի նկարիչ Անտոնիո Սոլինարիի «Դավթի օծումը» Հին կտակարանի սյուժեով կտավը և իտալացի քանդակագործ Գ. Բյաջոտտիի «Կեսարի կիսանդրին» մարմարե աշխատանքը: Արձանագործ Խորեն Տեր-Հարությանը պատկերասրահին հանձնում է Օգյուստ Ռոդենի «Բնորդուհի» գծանկարը, իսկ ֆրանսահայ Ալբերտ Աշճյանը` ժամանակակից իսպանացի նկարիչ Խուան Ռիպոլեսի երեք գեղանկար:

1970-ականներին նվիրատվությունների շնորհիվ հարստանում է նաև ռուսական արվեստի հավաքածուն: Այսպես, Զագորսկից (գեղարվեստական ստեղծագործությունների արխիվ) փոխանցվում են 20-րդ դարի ականավոր ռուս նկարիչներ Լե-Դանտյուի, Բաքստի, Ռոզանովայի, Կոնաշևիչի գրաֆիկական գործերը: Համամիութենական արտադրագեղարվեստական կոմբինատից` ճանաչված քանդակագործ Սառա Լեբեդևայի ինը աշխատանքները, ինչպես նաև Վ. Ռոժդեստվենսկու, Վ. Ստոժարսկու, Ս. Սավիցկասի և այլոց գեղանկարչական գործերը:

Նվիրաբերված աշխատանքների շարքում շատ են հայ հեղինակների գործերը. կոլեկցիոներ Աղասի Դարբինյանը (Փարիզ) նվիրում է մեծ փորագրանկարիչ Տիգրան Փոլադի մեկ կավճանկար, իսկ նկարիչ Ռիշար Ժերանյանը (Փարիզ)` վերջինիս «Խաչի ճանապարհ» շարքի 14 օֆորտներ, Ժանսեմը ուղարկում է իր 30 փորագրանկարներն ու գծանկարները, Գառզուն` 118 վիմագրություններ, Արշիլ Գորկու քույրը` Վարդուշ Մուրադյանը` նկարչի «Նստած կին» գծանկարը:
1975-ին «Ավրորա» հրատարակչությունը լույս է ընծայում Ն. Մազմանյանի «Հայաստանի պետական պատկերասրահ» մեծածավալ ալբոմը (անգլերեն և ֆրանսերեն լեզուներով):

1980-ականներին կազմակերպվում են Հակոբ Գյուրջյանի, Սեդրակ Ռաշմաջյանի, Սեդրակ Առաքելյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի՝ կատալոգներով ուղղորդվող հոբելյանական ցուցահադեսները:
Արտագնա մեծ ցուցահանդեսներ են կազմակերպվում ԽՍՀՄ տարբեր քաղաքներում՝ ճանաչում բերելով հայ արվեստի վարպետներին. Թբիլիսիում ներկայացվում է Գևորգ Բաշինջաղյանը, Կաունասում` Սեդրակ Առաքելյանը, Մախաչկալայում՝ հայկական գեղանկարչությունը և կիրառական արվեստը, Լվովում` 18-20-րդ դարերի հայկական ասեղնագործությունը, ջուլհակությունն ու արծաթագործությունը, իսկ Կիևի արվեստասերներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու մեր հավաքածուի 19-20-րդ դարերի ռուսական գեղանկարչությանը:

1986 թվականի մայիսին պատկերասրահի տնօրենի պաշտոնից հեռանում է Էդվարդ Իսաբեկյանը, ավարտելով 19-ամյա իր անխոնջ ծառայությունը մշակութային այս օջախում: 1986 թ. հուլիսից պատկերասրահի տնօրեն է դառնում Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, որը մինչև այդ երկար տարիներ աշխատելով ՀՍՍՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի պաշտոնում, լավատեղյակ էր պատկերասրահի գործունեությանը:

Խորհրդային տարիներ էին, և պատկերասրահը ներառված էր համամիութենական մշակութային համակարգում, որն ապահովում էր մեր մասնակցությունը երկրով մեկ կազմակերպվող թանգարանային աշխատողների կոնֆերանսներին, վերապատրաստումներին: Տարբեր հանրապետությունների մայրաքաղաքներում կամ խոշոր քաղաքներում` Մոսկվա, Լվով, Ալմա-Աթա, Վլադիմիր, Վիլնյուս և այլն, կազմակերպվող նստաշրջաններին, որպես Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) սովետական բաժանմունքի կոլեկտիվ անդամ պատկերասրահը մասնակցում է իր աշխատակիցներով: Շարունակվում է միջթանգարանային ցուցահանդեսային կապը: Էրմիտաժը հայ հասարակությանն է ներակայացնում «18-րդ դարի արևմտաեվրոպական փորագրանկարը» և «19-րդ դարի արևմտաեվրոպական տեսարանային բնապատկերը» ցուցահանդեսները: Հայաստանում ՌՍՖՍՀ-ի մշակութային օրերի կապակցությամբ բացվում է «Ռուսական սովետական բնապատկերը» ցուցահանդեսը` Լենինգրադի Պետական ռուսական թանգարանից: Պատասխան ցուցահանդես ՀՍՍՀ կուլտուրայի և արվեստի տասնօրյակի առիթով կազմակերպվում է Մոսկվայում: Պատկերասրահի հավաքածուներից ցուցահանդեսներ են կազմակերպվում Սոչիում, Ալմա-Աթայում, Իզմայիլում:

Հասմիկ Հարությունյան, "Հայ արվեստ" մշակութային հանդես # 1(15) 2006, էջ 17-18 / հրատարակիչ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ: