Մասնաճյուղեր

Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ

Գավառի Հ. Բունիաթյանի անվան պատկերասրահը ստեղծվել է 1991 թ. ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի՝ քաղաքին նվիրաբերած սեփական հավաքածուի հիման վրա: Ներկայացված են 19-20-րդ դդ. հայ և ռուս անվանի նկարիչների ստեղծագործություններ (գեղանկար, գծանկար,  փորագրություն, քանդակ):

Գավառի Հ. Բունիաթյանի անվան պատկերասրահը միակն է ՀԱՊ-ի  մասնաճյուղերի շարքում, որի հավաքածուն կազմված է ոչ թե պետական ֆոնդերից, այլ նվիրաբերվել է մասնավոր անձի կողմից: Հավաքածուն ընդգրկում է տարբեր ժամանակաշրջանների հայ և ռուս արվեստագետների ստեղծագործություններ` գեղանկար, գրաֆիկա և կոլեկցիոների դիմաքանդակը, որի հեղինակն է ճանաչված արձանագործ Գետիկ Բաղդասարյանը:

Ի տարբերություն պետական հավաքածուների, որոնք ձևավորվում են ըստ նախապես մշակված հայեցակարգի և հետևողականորեն համալրվում են ժամանակագրական, թեմատիկ, մենագրական և այլ գիտական սկզբունքներով, մասնավոր հավաքածուները հիմնականում կազմվում են անհատի նախասիրությունների և նրա ճաշակի համաձայն: Այս հավաքածուն շատ խոսուն է. երբ ծանոթանում ես ներկայացված աշխատանքներին, պարզ է դառնում, որ մեծ գիտնականը նաև մեծ արվեստասեր էր և արվեստի գործերի իր ընտրության մեջ նպատակասլաց. Եղիշե Թադևոսյան, Էդգար Շահին, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Ալխազյան, Հակոբ Կոջոյան, Հովհաննես Զարդարյան, Գևորգ Գրիգորյան, Խաչատուր Եսայան, - ահա այն մեծանուն նկարիչները, որոնք նախանշել և զարգացրել են նոր շրջանի հայ կերպարվեստի ուղիները, յուրաքանչյուրը իր գեղարվեստական լեզվով, իր նկրտումներով: Հավաքածուն ներկայացնում է նաև արվեստագետների մեկ այլ սերունդ, որը, հիմնվելով անցյալ դարերի հայ և համաշխարհային արվեստի ավանդույթների վրա, շարունակելով նախորդների բարձրագույն նվաճումները, ստեղծել է ժամանակին համահունչ նորը, սեփականը, ազգայինը` Մինաս Ավետիսյան, Ռուբեն Ադալյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Մարտին Պետրոսյան և այլք:

Հավաքածուի ռուսական արվեստի բաժնում առանձնակի ուշադրության են արժանի իրենց ստեղծագործական գործունեությունը դեռևս 19-րդ դարի վերջում սկսած հանրաճանաչ նկարիչներ Ա. Օստրոումովա-Լեբեդևայի, Ա. Ֆոնվիզինի և Գ. Վերեյսկու գրաֆիկական գործերը:

Հասցե` ք. Գավառ, Զորավար Անդրանինկի 5, Գեղարքունիքի մարզ
Հեռ.`  (+374 264) 2-20-28

   Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ