Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին և երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում: 1994թ. շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը:
Թանգարանում ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար):
Խորեն Տեր-Հարությանն առաջին անգամ Հայաստան եկավ 1970 թվականին Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով: 1971-ին Երևանի Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսը լայն ճանաչում բերեց նրան նաև Հայաստանում, իսկ 1983-ին քանդակագործը հայրենիքին նվիրաբերեց 200-ից ավելի ստեղծագործություն:
1994-ին Էջմիածնի մասնաճյուղում բացվեց վարպետի աշխատանքների մշտական ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Տեր-Հարությանի քանդակները, Ճամայկայում ապրած տարիներին կատարած գեղանկարչական երկերը և տարբեր երկրներում ստեղծած գրաֆիկական գործերը, որոնք արտացոլում են նրա գեղարվեստական լեզուն, պատկերացում տալիս նրա արվեստի բազմաժանրության մասին:
Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է ժամանակակիցների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում: Սկսած 1929 թվականից նա ունեցել է բազմաթիվ անհատական (ԱՄՆ, Ճամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա), և համատեղ ցուցահանդեսներ համաշխարհային ճանաչում ստացած արվեստագետների հետ (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների:
Տեր-Հարությանի աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: «Փոքր Մհեր», «Գյուտարար» մոնումենտալ գործերը տեղադրված են Ֆիլադելֆիայի «Ֆեյրմաունթ Փարք»-ում, «Կուղբ» աշխատանքը՝ Նյու Յորքի Բեռնարդ Բարուքի անվան քաղաքային քոլեջի նախասրահում, իսկ Երևանի Օղակաձև զբոսայգում վեր է խոյանում «Վերածնված Հայաստան» կոթողը:
Հասցե` ք. Էջմիածին, Կոմիտասի հրապարակ, Արմավիրի մարզ
Հեռ.` +374 (231) 5-49-41