Մասնաճյուղեր

Մինաս Ավետիսյանի թանգարան

Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին նկարչի ծննդավայր Ջաջուռ գյուղում: 1988 թ. երկրաշարժից շենքը ավերվել է, և թանգարանը վերաբացվել է 2003 թ. վերակառուցումից հետո` ներառելով նաև 1979-ից ՀԱՊ-ի մասնաճյուղ հանդիսացող երևանյան արվեստանոցի հավաքածուն: Այժմ թանգարանում ցուցադրվում են նկարչի և նրա ժամանակակիցների աշխատանքները:

Մինաս Ավետիսյանը 20-րդ դ. երկրորդ կեսի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է: Ժամանակակից նկարելաձևով նա հետևել է հայ հին նկարչության ավանդույթներին:

1960-ականների ազգային կերպարվեստի առանձնահատուկ պոռթկման շրջանում Մինասը հանդես եկավ իր ինքնատիպ արտահայտչալեզվով և խորապես ազգային արվեստով:

Բնօրինակից կատարած դիմանկարներում, բնանկարներում, նատյուրմորտներում հեղինակի երևակայությունը ենթարկված է օբյեկտին, կենդանի ձևերին և գունավորմանը: Սակայն նրա հիմնական գործերը կատարված են հիշողությամբ, երևակայությամբ, որպես հուշեր դեպքերից, վայրերից, որպես անձնական և համամարդկային խոհեր:

Մինասը կատարել է մի շարք որմնանկարներ և թատերական ձևավորումներ:

Հասցե` գյուղ Ջաջուռ, Շիրակի մարզ
Հեռ.` (+374 031) 26-66-24