Թանգարան / Բաժիններ

Վերականգնման և կոնսերվացման բաժին

Թանգարանային արժեքների պահպանվածության հսկողությունը իրականացնում է նկարիչ-վերականգնողը: Այս խնդիրը մշտապես արդիական է թանգարաններում և պահանջում է մասնագետի ամենօրյա ուշադրություն: Նախկինում այս կարևոր գործը պատկերասրահում ապահովել են առանձին հմուտ մասնագետներ, հայտնի նկարիչներ, թանգարանային գործի նվիրյալներ Վ. Ախիկյանը, Ռ. Լորիս-Մելիքովը, Ա. Վարդանյանը, Վ. Բաղդասարյանը, խոշոր գիտնական-արվեստաբան Լիդիա Դուրնովոն, որի ներդրումը Հայաստանի վերականգնման և վավերագրական պատճենահանման դպրոցների հիմնման գործում անգնահատելի է:

1950-ականներից գործում է բաժին, որի կազմը հետզհետե համալրվում է երիտասարդ շնորհալի կադրերով, որոնք վերապատրաստման դասընթացների են մասնակցել ռուսական և եվրոպական վերականգնողական կենտրոններում:

Բաժնում վերականգնվում կամ կոնսերվացվում են հավաքածուի բոլոր տեսակների ստեղծագործությունները՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, խեցեգործություն, կահույք, ջուլհակություն և այլն:

Հիմնական, երկարատև վերականգնման հետ մեկտեղ, մասնագետները առաջնահերթ տեխնիկական զննման են ենթարկում բոլոր այն ստեղծագործությունները, որոնք ընտրվում են ժամանակավոր ցուցահանդեսների կազմում, պատկերասրահի ներսում կամ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու դեպքում:

Բաժնում աշխատում է 7 աշխատակից:

Բաժնի վարիչ՝ Իգոր Պողոսյան